Լքված հանքի պատասխանատուն

Լքված հանքի արթուն ուրվականը


  Կավարտի լքված հանքավայրն արթուն ուրվականի պես շրջում է Կապան քաղաքում, փորձում է իր դեղին, թունավոր ջրերը հասցնել ամենուր, աղտոտել ամեն բան, իր գոյության մասին հիշեցնում է ամենքին։ Նաև նրանց, ովքեր Կապանի միակ փրկությունը տեսնում են հանքարդյունաբերության մեջ և կարծում, որ մարդիկ սովամահ կլինեն, եթե այդ աշխատատեղերը փակվեն։

Կավարտ, լքված հանքավայր, թթվային դրենաժ․․․

  Կավարտի ներկայիս լքված հանքավայրը իբրև կոնսերվացված տեղամաս հանքարդյունաբերողների կողմից հանձնված է Հայաստանի Հանրապետությանը։ Բնապահպանության Նախարարությունը հանքի կոնսերվացման աշխատանքային նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն է տվել, որի պարտադիր պայմաններից մեկը չի իրականացվել, և խախտվել է հրաժարման հավաստագիր տրամադրելու պայմանը։ Չոր կոնսերվացման նախագիծը չի ապահովել Կառավարության որոշման 13-րդ կետը՝ երկրի մակերևույթի վրա ուղղահայաց բաց փորվածքի փակման վերաբերյալ, ինչպես նաև խախտվել են հետազոտումների համայցերի ժամանակացույցը պատկան մարմինների կողմից։ Ամենի մասին մանրամասն կանդրադառնանք այս հրապարակման տարբրեր հատվածներում:


Ի՞նչ է հայտնի Կավարտի հանքավայրի մասին

 Կավարտի լքված հանքավայրը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը  շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները, այնուհետև՝ ֆրանսիացիները:

  Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվել են Կավարտի հանքավայրի մասին որոշակի տվյալներ։ Ըստ այդմ, 1850 թվականի ամառային մի օր Կավարտ գյուղի դիմացի անտառներով և ջրերով հարուստ Մարգ կոչվող բարձունքին թառած վրաններին մոտեցել է երկու անծանոթ։ Օտարականները Ղափան ոտք դրած առաջին հույներն են եղել։

  Ալավերդիից այստեղ եկած հույները հետագայում մի փոքրիկ հողակտոր են ձեռք բերում, սկսում հանք շահագործել։ Ապա ամեն բան գնալով խորանում է։

1853 թվականին Խարլամպի Կոնդուրովը կառուցում է Կավարտի պղնձաձուլարանը՝ աստիճանաբար մեծացնելով հզորությունը: Տեսնելով հանքի հզորությունն ու գումարներ բերելու հնարավորությունը հույներն այստեղ են կանչում իրենց բարեկամներին։ Հարյուրից ավելի հույն բանվորներ են գալիս, որոնք այստեղ հաստատվում և իրենց համար տներ են կառուցում:

 1865-ին Կոնդուրովները կառուցեցին հունական Սուրբ Կատարինե եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի»: Եկեղեցին կա մինչ այսօր՝ կիսավեր վիճակում: Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Ահա այս վիճակում է գտնվում հիմա եկեղեցին։ Սա թերևս Բաշքենդ կոչվող տարածքում պայթյուններից  հետո կանգուն մնացած միակ շինությունն է։ 

Սուրբ Կատարինե եկեղեցին, Կավարտ գյուղի հարևանությամբ 2019թՍուրբ Կատարինե եկեղեցին, Կավարտ գյուղի հարևանությամբ 2019թ


 Հույների կողմից շահագործումը  դադարեցվեց 1918-1920 թթ, խորհրդային կարգեր հաստատվելու ժամանակ։ 70-տարուց ավելի այդ տարածքում բնակվելուց և հանքերը շահագործելուց հետո հույների հիմնական մասը  հեռացան Բաշքանդից ու Կապանից։
20-րդ դարում հանքանյութերի տեղափոխություն ուղտերի միջոցով

  1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները վերաբացել են Կավարտի հանքը: 1924 թ.-ից այն անվանել են Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ. այն շահագործել են որպես փակ հանք, իսկ դրանից հետո՝ մինչև 1975թ. գործում էր որպես բաց հանք: Այդ գործունեության ընթացքում ավերվել է հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գևորգ եկեղեցու հետ։
Ամսական առավել շատ հանքանյութ դուրս բերող բանվորներին ոգևորում էին նրա ազգանվամբ դրոշ պատրաստելով

Կավարտի հանքավայրի ադմինիստրատիվ շենքը, վերելակը և բաց հանքը

 Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվեց 1999 թվականին, երբ  Կապանի լեռնահարստացման կոմբինատը մասնավորեցվեց, կանադացիների կողմից հիմնադրված «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը (ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») շարունակեց շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց հանքարդյունահանման աշխատանքները դադարեցվեցին։ Պետությանը, որպես կոնսերվացված տարածք, հետ հանձնվեց Կավարտի հանքը։

Կավարտի բաց հանքավայր 2019 թ․

  Այսքանով Կավարտի հանքավայրի շահագործման մեզ հայտնի փուլերն ավարտվում են, և հասնում ենք բուն խնդրին։  

  Հանքարդյունաբերողներն արդեն իսկ իրենց համար ոչ շահավետ տեղամասը հանձնում են պետությանը՝ ձևակերպելով այն որպես կոնսերվացված հանքավայր։

 Այս ինտերակտիվ քարտեզում կարող եք գտնել Կապանի պղնձի հանքավայրին առնչվող բազմաթիվ մանրամասներ և տեղադիրքեր, ինչպես նաև 2019 թվականին կատարված նկարներ՝ յուրաքանչյուր կետի համար։ Բոլոր կետերի մասին ամբողջական տեղեկությունների ցանկը կարող եք գտնել ձախ հատվածում։



Կոնսերվացմումը՝ փաստաթղթերում և իրականում

  2008թ․ նոյեմբերի 18-ին  ՀՀ Էներգետիկայի  և բնական պաշարների նախարարությունը (ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հետ (ի դեմս տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի), փոխընբռնման հուշագիր է կնքել, որում  համաշխարհային տնտեսական ճգնաժամն օգտագործվել է ընկերության շահերն առաջ տանելու համար։

Հուշագիր


  Մասնավորապես, հուշագրում նշվում է, որ նախարարությունը նախատեսում է երկարաձգել Շահումյանի հանքի լիցենզիայի ժամկետը (Շահումյանը նույնպես «Դինո Գոլդ Մայնինգ»-ն էր շահագործում), իսկ Կավարտի հանքավայրից հետագայում հրաժարվում են հենց այս հուշագրի հիման վրա կնքված համաձայնագրով՝ կոնսերվացման պայմանով։ Կենտրոնական բաց հանքի առնչությամբ ընկերության բնապահպանական պարտավորությունները սահմանափակվում է հետևյալով․

  Ընկերությունը բացհանքի ռեկուլտիվացիայի աշխատանքներին մասնակցում է իր կողմից կատարված արդյունահանման աշխատանքների ծավալների համամասնությամբ՝ նոր լիցենզառուի կողմից ռեկուլտիվացիոն աշխատանքների համար գնահատված ծախսերի իր մասնաբաժնի չափով։ Ընկերության մասնաբաժինը որոշվում է իր կողմից բաց հանքում արդյունահանված ծավալները բաժանելով բաց հանքի ամբողջ գործունեության ընթացքում արդյունահանման ընդհանուր ծավալների վրա, և արդյունքը բազմապատկելով ռեկուլտիվացիոն աշխատանքների համար նախատեսված գումարով։

Նախարարությունը համաձայն է, որպեսզի ուսումնասիրության լիցենզիան փոփոխվի և ուսումնասիրվող օգտակար հանածո պղինձը փոխարինվի բազմամետաղայինով։ Սա հետագայում համաձայնագրում վերափոխվեց պղինձ, ոսկի բազմամետաղայինի։

  2009թ․ հունվարի 15-ին սույն հուշագրին համապատասխան համաձայնագիր է կնքվում։

Համաձայնագիր



  Արդեն 2009թ․ մարտի 26-ի տրամադրված հրաժարման հավաստագրի պայմաններում նշվում է

1․ տրվում է կոնսերվացման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված աշխատանքների կատարման պայմանով

2․ Ընկերությունը կատարում է հանքավայրի կոնսերվացման հետ կապված աշխատանքները

3․ Նախարարության հետ համաձայնեցնել տեխնիկական առաջադրանքի կազմման կոնսերվացման աշխատանքային նախագծի մշակման, նախագծով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը։


Նշվում է, որ մինչ հրաժարման պահը կան չկատարված պարտավորություններ։

 Այնուհետև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  2009թ․ մարտի 27-ին հրամայում է՝

 «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրել հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարման հավաստագիր՝ հրաժարման ենթակա տեղամասի նկատմամբ սահմանված պայմաններով՝ համաձայն լիցենզառուի դիմումի։

 Դիմումն իրենից ներկայացնում է անձնական նամակ ԴԳՄՔ ՓԲԸ տնօրեն՝ Ռոբերտ Ֆալլետայի կողմից ուղված ԷԲՊՆ նախարար՝ Արմեն Մովսիսյանին։

 Այնուհետև ընկերությունը կոնսերվացման նախագիծ է պատվիրում «Ռակե» ՍՊԸ-ին, որի տնօրենն էր Ռուբեն Առաքելյանը։  Ստորև բերված է «Ռակե» ՍՊԸ-ի նախկին և ներկա մասնակիցների ցանկը։
  «Ռակե» ՍՊԸ-ի բաժնետերերի և տնօրենների ցանկն ուսումնասիրելիս, ուշագրավ փաստեր արձանագրվեցին՝ մասնավորապես ներկայիս սեփականատիրոջ հայրը՝ Կորյուն Հրանտի Հակոբյանը, ով փաստացի եղել է այս ընկերության նախկին բաժնետերն ու տնօրենը, 2009-2015 թթ. աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ, ապա՝ ընդերքի տրամադրման գործակալության պետ։ Չնայած «Ռակե» ՍՊԸ տնօրեն նշանակվել է 2018 թվականից, սակայն ըստ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարանի, 2015-ին նույնպես եղել է ընկերության գլխավոր տնօրենը: Իսկ 1990-ականների վերջերին և 2000- ականների սկզբներին տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` ԲՆ փոխնախարարի:

   Կոնսերվացման նախագիծը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական խմբի ղեկավար Ա․ Ղազարյանի կողմից ստանում է դրական եզրակացություն և 11․09․2009 թվականին հաստատվում ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Պետրոսյանի կողմից։



  Այնուհետև 30․10․2009 թվականի դրական եզրակացության է արժանանում և հաստատվում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից։




 

   Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը ուներ 2 փորձագիտական պարտադիր պահանջներ,

 

որից երկրորդը չի իրականացվել, ինչի մասին էլ մեզ 16․01․2020-ին տեղեկացրել են արդեն Շրջակա միջավայրի նախարարությունից։

 Փաստորեն ստացվում է, որ Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության պայմանները խախտվել են, սակայն դա չի խանգարել Էներգետիկայի և Բնական Պաշարների Նախարարությանը տրամադրել հրաժարման հավաստագիր՝ խախտելով N485-Ն որոշումն, որի հիման վրա էլ ձևակերպվել է չոր կոնսերվացումը։

 

ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշում



ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշման 23-րդ կետում նշված է․


23. Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման մասին դիմումը մերժվում է, եթե`

ա) օբյեկտի լուծարման կան կոնսերվացման նախագծային փաստաթղթերում առկա են շեղումներ նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներից.

բ) լեռնատեխնիկական, բնապահպանական և քաղաքաշինական մարմինների փորձագիտական եզրակացությունը բացասական է.

գ) խախտվել են ընդերքօգտագործման լիցենզիայի և հանքավայրի շահագործման լեռնահատկացման ակտի պայմանները:

 

  Չնայած այս փաստին, ընկերությունը ստանում է հրաժարման հավաստագիր՝ կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու պայմանով։



Այժմ անդրադառնանք կոնսերվացման նախագծին

   <<Ռակե>> ՍՊԸ կողմից մշակված կոնսերվացման նախագծում նշվում է, որ Կոնսերվացման համար նախընտրելի է չոր տարբերակը։

Բնապահպանական Մաս


Կոնսերվացման Նախագիծ


 

  Համաձայն օրենքի՝  չոր կոնսերվացման ենթակա են լեռնային փորվածքները, որոնք ընդերքի կառավարման բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից հաշվառված են որպես օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օբյեկտների տեղադրման համար հեռանկարային։

Ըստ Կոնսերվացման նախագծի նախատեսվում է․

  • Փակել Կենտրոնական հանքին վերաբերող հանքուղիների մուտքերը / դրանք երեքն են հանքուղի 2, հանքուղի 3 և հանքուղի 9՝ օդափոխման, հաշվի առնելով ջրհեռացման առուները և նեղգիծ երկաթուղին։

  • Փակել կենտրոնական հանքը մյուս հանքերին կապող փորվածքները

  • Փակել կենտրոնական հանքահորը, փակել սրան սպասարկող վերամբարձ մեքենայի շենքը

  • Հոսանքազրկել կենտրոնական հանքահորը սպասարկող վերամբարձ մեքենայի շենքը, «Կենտրոնական» հանքը սնող ենթակայանը և հանձնել տեղական էներգոցանցի սպասարկմանը

  • Կտրել կենտրոնական հանքը սնող սեղմած օդի խողովակաշարը N2 հանքուղու մուտքի մոտ և խլափակել

  • Բոլոր փակված՝ կոնսերվացված կառույցներում թողնել դռներ՝ համայցներն իրականացնելու համար

Նախագծման ելակետներն այսպիսին են․

  • Պարսպափակել բոլոր չորս բովվածքների մուտքերը

  • Պարսպափակել բոլոր փորվածքների ելքերը դեպի երկու հանքահորերը

  • Պարսպափակել «Կենտրոնական» հանքահորը

  • Պատնեշել հանույթային երեք հանքախորշերը 845 մ հորիզոնում

  • Բոլոր հանքային վագոնետները կայանել մի կույր փորվածքում և պարսպափակել

  • Բոլոր պարիսպների վրա դռները պետք է լինեն այնպիսի չափսերի, որ նրանցով չանցնի վագոնետ կամ այլ մեխանիկական սարքավորում։ Նրանք պետք է տեղադրված լինեն ոչ երկաթուղու ուղղությամբ։ Այդ դռների կողպեքների բանալիները պետք է գտնվեն պահակային ծառայության տնօրինության ներքո և դուրս տրվեն ըստ համայցերի ժամանակացույցի։

Հանքուղիների մուտքերի պարսպափակում բաժնում նշվում է, որ նախատեսված է բոլոր երեք հանուղիների մուտքերի  մոտ 3մ հեռավորության վրա կանգնեցնել պողպատե ձողերով պարիսպ 2,5մ բարձրությամբ, հանուղիների մուտքերի դիմաց ունենալով դուռ կամ դարպաս։ Նշենք որ համանուն օրենքի մեջ հեռավորությունը 5մ է նշված։


Մենք փորձեցինք կապ հաստատել Ռակե ՍՊԸ-ի հետ և նախագծի մասին պարզաբանումներ ստանալն, սակայն տեղեկատվական կենտրոններում նշված կոնտակտային հեռախոսահամարը չէր աշխատում։

  Ստորև ցուցադրված են 3 հանքուղիների մուտքերը․

Հանքուղի թիվ 2



Հանքուղի թիվ 3


Հանքուղի թիվ 9


  Կենտրոնական հանքավայրի կոնսերվացիան նախատեսված էր ըստ ՀՀ կառավարության N485-Ն որոշման, որի 13-րդ կետում նշված է հետևյալը․ «Երկրի մակերևույթի վրա մակերես ունեցող փորվածքներն արմատական ապարների սահմանից 4-6 մետր խորությամբ ծածկվում են քարե կամ երկաթբետոնե միջնորմով, փորվածքի բերանը երկրի մակերևույթից մինչև միջնորմը լցվում է դատարկ ապարներով և ծածկվում քարե կամ երկաթբետոնե միջնորմով»։ 

 Բաց հանքավայրի տարածքում կա ուղղահայաց փորվածք, որի միջոցով հանքանյութը մակերևույթից լցվում էր ներքև՝ դեպի 805 հորիզոն, իսկ այնտեղից այդ հանքուղով հանքանյութը հասնում էր ներկայիս կոմբինատի տարածքը։ Ինչպես տեսնում ենք այս փորվածքը ոչ մի ձևով չի ծածկված։ 


Նմանատիպ կոնսերվացման նախագիծը ոչ միայն հաստատվել և իրականացվել է ընկերության կողմից, այլ նաև 2010 թվականի դեկտեմբերի 2-ին ԷԲՊՆ աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կողմից Լեռնային փորվածքների լուծարման կամ կոնսերվացման իրականացման  ակտի միջոցով ընդունվել է, որ կատարված կոնսերվացման աշխատանքները բավարար են։ 

  Այդ ժամանակ ստուգողներն էին Գագիկ Թորոսյանը, Գագիկ Խոջայանը, Նվարդ Գալեչյանը և Արման Վարդանյանը, իսկ  Ընդերքի վերահսկողության տեսչության պետը՝ Երվանդ Հովհաննիսյանը, հաստատել է ստուգման արդյունքները։


 Ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշման  չոր կոնսերվացման դեպքում` գոյություն ունեցող ջրահեռացման կայանքները մնում են գործողության մեջ և ապահովում ջրահեռացումը լեռնային փորվածքներից:

 Չոր կոնսերվացման ամբողջ ժամանակաշրջանում բոլոր հիմնական փորվածքները պետք է հետազոտվեն կոնսերվացման նախագծին համապատասխան` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Հետազոտումը կատարվում է ազատ տեղաշարժի և օդափոխության պայմաններում:

 Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված համայցերի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացրել են, որ 2009-ից առ այսօր այց կատարվել է միայն 2019 թվականին։




  Այս դեպքում ևս ակնհայտ է պետության բնանտարբերությունը, և սահմանված կարգի խախտումը։

Այսպիսով Կապանի պղնձի հանքավայրի նկատմամբ պարտավորություններից հանքարդյունաբերողն ազատվում է, և արդեն իսկ սպառված հանքավայրը մնում է պետությանն ու տեղաբնակներին՝ որպես մի մեծ նվեր։


 

  Այս ամենը վերջին հարյուրամյակի ընթացքում ղեկավար մարմինների ակնհայտ անտարբերության և շահագործողների անպատասխանատվության հետևանքն է, իսկ թե ներկայիս և հաջորդող իշխանություններն ինչ վերաբերմունք կդրսևորեն բնական միջավայրի պահպանության գործում, պարզ կլինի արդեն ապագա սերունդների համար։
  2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․«Ես լավ լուր ունեմ ձեր համար։ Մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, այսինքն՝ դա նշանակում է, որ հանքը փակվում է, և տարածքը լիարժեք վերադառնում է բնությանը»։
  Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացանք, որ Կապանի պղինձ-կոլչեդանային հանքավայրի կենտրոնական տեղամասի լքված բացահանքի և արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի համալիր ծրագրի տեխնիկական առաջադրանքը կմշակվի 2020 թվականի առաջին եռամսյակում։ Ծրագրի իրագործման մեկնարկը նախատեսվում է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում։ Նախարարության կողմից ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքը դեռ հաշվարկված չէ։
 

Երբ ՀՀ կառավարությունը կկարողանա գոնե 1 լքված հանքավայրի ճիշտ ռեկուլտիվացիայի հաշվարկ կատարել և իրագործել այդ ծավալուն վերականգնողական աշխատանքը, հանրությանը պարզ կդառնան հանքարդյունաբերության տված օգուտների ու հասցրած վնասների իրական տարբերությունը։



скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 24-02-2020, 18:49
0
2 689

Նմանատիպ հայտեր


Սկիզբ