Պահպանենք մեր բնական միջավայրը
Կապան քաղաքի կենտրոնով հոսող Վաչագան գետն իր գեղեցիկ ձկներով շատերին է գրավում: Մանր ձկնիկներից մինչեւ խոշորներն այստեղ հանգիստ լողանում են յուրահատուկ տեսք հաղորդելով գետին: Հաճախ կարելի է տեսնել քաղաք այցելած տուրիստների, երեխաների, որոնք կանգնում եւ նայում են ձկներին: Այս դիտողների մեջ սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր պարզապես ժամերով կանգնում դիտում են, թե երբ կարթը կշարժվի, որպեսզի մի խեղճ փոքրիկ ձկնիկի հանեն, տանջելով դնեն տոպրակի մեջ, վերջում էլ մոռանան գետնին գցած թողնեն ու հեռանան: Հարց է առաջանում. ի՞նչ հաճույք կարող է ստանալ մարդ նման պահվածքից: Ձկնորսության նոր ոճ է փոքր ցանցերով բռնել ձկներին: Բայց սա դեռ ամենը չէ, այս մոլուցքն այնքան է տարածվել, որ սովորական կարթերով սպանություններից բացի կարելի է տեսնել նաեւ ձկների վրա նշան բռնած երիտասարդների ՝ քաղաքի կենտրոնում: Օրենքում գուցե արգելված չէ սիրողական ձկնորսությունը, այն բնակչության հանգստի կազմակերպման նպատակով իրականացվող ձկնորսությունն է, որը կատարվում է սահմանված որսագործիքներով եւ չափաքանակներով: Թե որքանով են ստուգվում այս պարամետրերը քաղաքի կենտրոնում հայտնի չէ, բայց որ երևույթն այնքան էլ գեղեցիկ չէ, փաստ է:
Օրինակ երգող շատրվանների հարևանությամբ՝ Վաչագան գետում, բնակվում է ոսկի ձկնիկ, որին և՛ մեծերը, և՛ փոքրերը հաճույքով հետևում և հիանում են:

Եթե այս ամենին էլ գումարենք, այս փոքրիկ գետով իջնող աղբի տոպրակները, փողոցային սուրճի բաժակները, պաղպաղակի թղթերն ու ծխախոտի մնացորդները խեղճ ձկների համար ապրելու նորմալ պայմանները կարծես վերանում են:
Երկրներ կան, որտեղ եթե ոչ կենդանիներին սիրելու նպատակով, բայց գոնե նրանց բնականոն աճը չվտանգելու համար պետական մակարդակով գործունեություն է իրականացվում: Ձկներին նման աջակցությունը անհրաժեշտ է, քանի որ վերջերս նրանք տառապում են չափից շատ որսից եւ գլոբալ տաքացումից: Բնական միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերն ու բնապահպանական կրթությունը մեզ էլ չէին խանգարի:
