Վաչագան գետի աղտոտումը բոլորիս է վերաբերվում ․․․

 

  Խուստուփ սարի բարձունքներից է սկիզբ առնում Վաչագան գետը։ Նման մաքրամաքուր ջրերով գետակներ, որոնք հոսում են քաղաքների միջով, քիչ տեղեր կան։ Այդուհանդերձ Կապան քաղաքով հոսում են միանգամից 2 ի սկզբանե մաքուր գետեր՝ Ողջին և Վաչագանը։ Ողջի գետին բախտ է վիճակվել աղտոտվելու հանքարդյունաբերության պատճառով, իսկ որոշ տեղ այն գերվել է ՀԷԿ-երի կողմից, սակայն շարունակում է հոսել իր հունով։ Բայց Վաչագան գետը զերծ է արդյունաբերության հասցվող վնասներից ու աղտոտումից։ Վաչագան գետը հայտնվել է խայտառակ աղտոտված վիճակում հենց որոշ կապանցիների պատճառով։ Բանը նրանում է, որ կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ընդունակ չեն նկատել բնության գեղեցկություններն ու նրա տված բարիքները։


 Թռչնի թռիչքի բարձրությունից Վաչագան գետը շատ գեղեցիկ է, սակայն մարդկանց մի մասը չի արժևորում այս ամենը։ Վաչագան գետը սնուցում է Վաչագան գյուղին խմելու ջրով, նրան հարակից այգիներին ոռոգման ջրով։ Գետի հարակից բնությունն ու կենդանական աշխարհը օգտվում են գետի ջրերից։ Սակայն արդեն Կապան քաղաքի միջով անցնելիս գետը ստանում է անհարգալից վերաբերմունք մարդկանց կողմից։ Մարդիկ տարբեր եղանակներին տարբեր տեսակի աղբ են լցնում Վաչագան գետ՝ սկսած գետի կողքին հանգստանալուց հետո բնության գրկում թողված տոպրակներից և պլաստմասե շշերից, մինչև քաղաքի հենց կենտրոնում, մարզպետարանի հարևանությամբ սուրճ խմելուց հետո բաժակներն ու սուրճի հետ ծխվող ծխախոտերի մնացորդները գետ նետելով։ Գետ են նետվում տարատեսակ իրեր, շորեր, կենցաղային աղբ, մայթերին գարեջուր խմողների դատարկ շշեր, գնդակներ, փուչիկներ, կոշիկներ, ափսեներ, կենցաղային տարատեսակ իրեր, ամռան եղանակներին բանջարեղենների մնացորդներ և այլն։

 Այս ամենը անողները երբեմն գիտակցաբար, իսկ երբեմն առանց գիտակցելու փչացնում են Կապան քաղաքի ամենագեղեցիկ դիմագծերից մեկը։ Կեղտոտող այս մարդկանց հետ միասին Կապան քաղաքում ապրում են գեղեցիկը գնահատող և արարող բազմաթիվ մարդիկ, ովքեր սիրում են զբոսնել Վաչագան գետի ափերով, և երբ նկատում են գետի այս աստիճան կեղտոտ ու անհարգալից վիճակը, խոր թախիծ են ապրում։ Բազմաթիվ մարդիկ պատրաստակամ են աջակցել այս ամենի վերացմանը տարբեր միջոցներ առաջարկելով։

 Տարբեր ժամանակներում գետը <<մաքրվել է>> ծանր տեխնիկայի միջոցով, սակայն այս դեպքում հաշվի չի առնվում գետի կենսաբազմազանությունը, և այս կերպ <<մաքրողների>> վերաբերմունքը գետին այնքան էլ շատ չի տարբերվում աղտոտողների վերաբերմունքից։

 Գետը միայն հոսող ջուր չէ, ցանկացած գետ կենդանի օրգանիզմ է, սակայն ավելի բարձր մակարդակի, երկար կյանքի տևողությամբ և ավելի բարեկիրթ ու համբերատար բնավորությամբ։

 Վաչագան գետում տարվա տարբեր եղանակներին, տարբեր տեսակի բուսատեսակներ են աճում և ծաղկում, որոնց մեծ մասը ունեն բուժիչ ու օգտակար հատկություններ։ Գետում նաև աճում են տարատեսակ ծառեր, որոնք յուրովի են գեղեցկացնում նրան։ Գետի բնակիչներից են մի քանի տեսակի ձկներ և ջրային այլ կենդանիներ։ Այս ամենը տրակտորով հարթեցնելը այնքան էլ բարեհաջող միտք չէ, և ինչպես ժամանակն է ցույց տալիս, դրանով չի լուծվում գետի աղտոտման հիմնախնդիրը, այլ նման գործողությունը դառնում է համայնքի բյուջեի քիչ արդյունավետությամբ ծախսման մի ձև։ Օրինակ այդ բյուջեի չափով կարելի է 2 կապանցու վարձատրել 3 տարով, ովքեր պարբերաբար կարող են մտնել գետ և կատարել մաքրման և կարգավորման աշխատանքներ։ Այսպիսով կունենանք նոր աշխատատեղեր ու գետի իրավիճակի մշտադիտարկում։

 Վաչագան գետում ապրող ձկների նկատմամբ վերջերս նկատվում է նոր ոճի ոտնձգություն։ Եթե նախկինում երեխաներն ու մեծերը կարթերով էին ձուկ որսում, այժմ արդեն նկատվում են մարդիկ, ովքեր ցանցեր են նետում գետ և ագրեսիվաբար քարեր լցնում նետված ցանցից ներքևի և վերևի հատվածներում, որպեսզի խեղճ ձկները, վախենան և լողալով փախչեն իրենց համար պատրաստված ծուղակի ուղությամբ։ Այսպիսի տեսարնները երեխաների մոտ դաստիարակում են ոչ բարեխիղճ վերաբերմունք բնության և կենդանական աշխարհի հանդեպ։

 Մյուս երևույթը, որն ամբողջացնում է Վաչագան գետի հանդեպ մարդկանց վատ վերաբերմունքը դա ինտերնետ սպասարկողների լարերն են և Էլեկտրական լարերը, որոնք անշնորհքաբար տարածվում են գետի ափերով և ափից ափ։ Լարերին նայելիս հասկացվում է, որ դրանց անցկացման որևէ նորմ կամ կանոն չի պահպանվել։ Հաճախ կապանցիները և Կապանի հյուրերը նկարահանվում են կամուրջների վրա Խուստուփ սարի և Վաչագան գետի ֆոնին, սակայն այդ նկարները այնքան էլ լավ չեն ստացվում և տարածում չեն գտնում, հենց այդ նույն, սարդոստայնի պես սփռված, լարերի պատճառով, որոնք փչացնում են բնության գեղեցիկ պատկերները։

Այսպիսով նկարագրվեց Վաչագան գետի աղտոտման իրավիճակը, որը շուտով քիչ թե շատ  կմաքրվի անձրևների միջոցով։ Հույսով ենք, որ այս տեսանյութի տարածվելուց հետո կմաքրվի նաև այն մարդկանց գիտակցությունը, ովքեր մտածված կամ առանց մտածելու մի ինչ-որ բան են նետում գետը։

Մեր կողմից առաջարկում ենք Վաչագան գետի 2 կամ 3 չերևացող հատվածներում /կամուրջների տակ/ տեղադրել ցանցեր, որոնց նախադեպերը կա նաև Հայաստանի այլ շրջաններում։ Սա մի օրինակ է, բայց ցանցերը կարող են լինել նաև գետի լայնությամբ, առանց գետի հունը փոփոխելու։ Ցանցերի միջոցով հնարավոր կլինի հավաքել գետն առավել շատ աղտոտող պլաստմասե տարաները։ Ցանցերը կատարում են ֆիլտրերի դեր և դրանք ժամանակ առ ժամանակ մաքրելով, կկարողանանք մաքուր պահել Վաչագան գետը։ Մյուս առաջարկը. աշխատակիցներ ընդունել, հատուկ գետը մաքուր պահելու համար, իսկ աշխատավարձը տրամադրել ծանր տեխնիկայով <<մաքրելու>> փոխարեն ծախսվող գումարներով։


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 23-11-2019, 01:17
0
724

Նմանատիպ հայտեր


Սկիզբ