Լքված հանքի պատասխանատուն
Լքված հանքի արթուն ուրվականը
Կավարտ, լքված հանքավայր, թթվային դրենաժ․․․
Ի՞նչ է հայտնի Կավարտի հանքավայրի մասին
Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվել են Կավարտի հանքավայրի մասին որոշակի տվյալներ։ Ըստ այդմ, 1850 թվականի ամառային մի օր Կավարտ գյուղի դիմացի անտառներով և ջրերով հարուստ Մարգ կոչվող բարձունքին թառած վրաններին մոտեցել է երկու անծանոթ։ Օտարականները Ղափան ոտք դրած առաջին հույներն են եղել։
Ալավերդիից այստեղ եկած հույները հետագայում մի փոքրիկ հողակտոր են ձեռք բերում, սկսում հանք շահագործել։ Ապա ամեն բան գնալով խորանում է։



1865-ին Կոնդուրովները կառուցեցին հունական Սուրբ Կատարինե եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի»: Եկեղեցին կա մինչ այսօր՝ կիսավեր վիճակում: Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Ահա այս վիճակում է գտնվում հիմա եկեղեցին։ Սա թերևս Բաշքենդ կոչվող տարածքում պայթյուններից հետո կանգուն մնացած միակ շինությունն է։
Սուրբ Կատարինե եկեղեցին, Կավարտ գյուղի հարևանությամբ 2019թ



Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվեց 1999 թվականին, երբ Կապանի լեռնահարստացման կոմբինատը մասնավորեցվեց, կանադացիների կողմից հիմնադրված «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը (ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») շարունակեց շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց հանքարդյունահանման աշխատանքները դադարեցվեցին։ Պետությանը, որպես կոնսերվացված տարածք, հետ հանձնվեց Կավարտի հանքը։
Այսքանով Կավարտի հանքավայրի շահագործման մեզ հայտնի փուլերն ավարտվում են, և հասնում ենք բուն խնդրին։
Հանքարդյունաբերողներն արդեն իսկ իրենց համար ոչ շահավետ տեղամասը հանձնում են պետությանը՝ ձևակերպելով այն որպես կոնսերվացված հանքավայր։
Կոնսերվացմումը՝ փաստաթղթերում և իրականում
2008թ․ նոյեմբերի 18-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի) և «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հետ (ի դեմս տնօրեն Ռոբերտ Ֆալլետտայի), փոխընբռնման հուշագիր է կնքել, որում համաշխարհային տնտեսական ճգնաժամն օգտագործվել է ընկերության շահերն առաջ տանելու համար։Հուշագիր
Ընկերությունը բացհանքի ռեկուլտիվացիայի աշխատանքներին մասնակցում է իր կողմից կատարված արդյունահանման աշխատանքների ծավալների համամասնությամբ՝ նոր լիցենզառուի կողմից ռեկուլտիվացիոն աշխատանքների համար գնահատված ծախսերի իր մասնաբաժնի չափով։ Ընկերության մասնաբաժինը որոշվում է իր կողմից բաց հանքում արդյունահանված ծավալները բաժանելով բաց հանքի ամբողջ գործունեության ընթացքում արդյունահանման ընդհանուր ծավալների վրա, և արդյունքը բազմապատկելով ռեկուլտիվացիոն աշխատանքների համար նախատեսված գումարով։
Նախարարությունը համաձայն է, որպեսզի ուսումնասիրության լիցենզիան փոփոխվի և ուսումնասիրվող օգտակար հանածո պղինձը փոխարինվի բազմամետաղայինով։ Սա հետագայում համաձայնագրում վերափոխվեց պղինձ, ոսկի բազմամետաղայինի։
Համաձայնագիր
Արդեն 2009թ․ մարտի 26-ի տրամադրված հրաժարման հավաստագրի պայմաններում նշվում է
1․ տրվում է կոնսերվացման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված աշխատանքների կատարման պայմանով
2․ Ընկերությունը կատարում է հանքավայրի կոնսերվացման հետ կապված աշխատանքները
3․ Նախարարության հետ համաձայնեցնել տեխնիկական առաջադրանքի կազմման կոնսերվացման աշխատանքային նախագծի մշակման, նախագծով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը։

Այնուհետև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2009թ․ մարտի 27-ին հրամայում է՝
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրել հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարման հավաստագիր՝ հրաժարման ենթակա տեղամասի նկատմամբ սահմանված պայմաններով՝ համաձայն լիցենզառուի դիմումի։
Դիմումն իրենից ներկայացնում է անձնական նամակ ԴԳՄՔ ՓԲԸ տնօրեն՝ Ռոբերտ Ֆալլետայի կողմից ուղված ԷԲՊՆ նախարար՝ Արմեն Մովսիսյանին։


Կոնսերվացման նախագիծը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական խմբի ղեկավար Ա․ Ղազարյանի կողմից ստանում է դրական եզրակացություն և 11․09․2009 թվականին հաստատվում ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Պետրոսյանի կողմից։
Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը ուներ 2 փորձագիտական պարտադիր պահանջներ,
որից երկրորդը չի իրականացվել, ինչի մասին էլ մեզ 16․01․2020-ին տեղեկացրել են արդեն Շրջակա միջավայրի նախարարությունից։
Փաստորեն ստացվում է, որ Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության պայմանները խախտվել են, սակայն դա չի խանգարել Էներգետիկայի և Բնական Պաշարների Նախարարությանը տրամադրել հրաժարման հավաստագիր՝ խախտելով N485-Ն որոշումն, որի հիման վրա էլ ձևակերպվել է չոր կոնսերվացումը։
ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշում
ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշման 23-րդ կետում նշված է․
23. Օբյեկտի լուծարման կամ կոնսերվացման մասին դիմումը մերժվում է, եթե`
ա) օբյեկտի լուծարման կան կոնսերվացման նախագծային փաստաթղթերում առկա են շեղումներ նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներից.
բ) լեռնատեխնիկական, բնապահպանական և քաղաքաշինական մարմինների փորձագիտական եզրակացությունը բացասական է.
գ) խախտվել են ընդերքօգտագործման լիցենզիայի և հանքավայրի շահագործման լեռնահատկացման ակտի պայմանները:
Չնայած այս փաստին, ընկերությունը ստանում է հրաժարման հավաստագիր՝ կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու պայմանով։
Այժմ անդրադառնանք կոնսերվացման նախագծին
<<Ռակե>> ՍՊԸ կողմից մշակված կոնսերվացման նախագծում նշվում է, որ Կոնսերվացման համար նախընտրելի է չոր տարբերակը։
Բնապահպանական ՄասԿոնսերվացման Նախագիծ
Ըստ Կոնսերվացման նախագծի նախատեսվում է․
Փակել Կենտրոնական հանքին վերաբերող հանքուղիների մուտքերը / դրանք երեքն են հանքուղի 2, հանքուղի 3 և հանքուղի 9՝ օդափոխման, հաշվի առնելով ջրհեռացման առուները և նեղգիծ երկաթուղին։
Փակել կենտրոնական հանքը մյուս հանքերին կապող փորվածքները
Փակել կենտրոնական հանքահորը, փակել սրան սպասարկող վերամբարձ մեքենայի շենքը
Հոսանքազրկել կենտրոնական հանքահորը սպասարկող վերամբարձ մեքենայի շենքը, «Կենտրոնական» հանքը սնող ենթակայանը և հանձնել տեղական էներգոցանցի սպասարկմանը
Կտրել կենտրոնական հանքը սնող սեղմած օդի խողովակաշարը N2 հանքուղու մուտքի մոտ և խլափակել
Բոլոր փակված՝ կոնսերվացված կառույցներում թողնել դռներ՝ համայցներն իրականացնելու համար
Նախագծման ելակետներն այսպիսին են․
Պարսպափակել բոլոր չորս բովվածքների մուտքերը
Պարսպափակել բոլոր փորվածքների ելքերը դեպի երկու հանքահորերը
Պարսպափակել «Կենտրոնական» հանքահորը
Պատնեշել հանույթային երեք հանքախորշերը 845 մ հորիզոնում
Բոլոր հանքային վագոնետները կայանել մի կույր փորվածքում և պարսպափակել
Բոլոր պարիսպների վրա դռները պետք է լինեն այնպիսի չափսերի, որ նրանցով չանցնի վագոնետ կամ այլ մեխանիկական սարքավորում։ Նրանք պետք է տեղադրված լինեն ոչ երկաթուղու ուղղությամբ։ Այդ դռների կողպեքների բանալիները պետք է գտնվեն պահակային ծառայության տնօրինության ներքո և դուրս տրվեն ըստ համայցերի ժամանակացույցի։
Հանքուղիների մուտքերի պարսպափակում բաժնում նշվում է, որ նախատեսված է բոլոր երեք հանուղիների մուտքերի մոտ 3մ հեռավորության վրա կանգնեցնել պողպատե ձողերով պարիսպ 2,5մ բարձրությամբ, հանուղիների մուտքերի դիմաց ունենալով դուռ կամ դարպաս։ Նշենք որ համանուն օրենքի մեջ հեռավորությունը 5մ է նշված։
Ստորև ցուցադրված են 3 հանքուղիների մուտքերը․
Հանքուղի թիվ 2



Հանքուղի թիվ 3



Հանքուղի թիվ 9



Կենտրոնական հանքավայրի կոնսերվացիան նախատեսված էր ըստ ՀՀ կառավարության N485-Ն որոշման, որի 13-րդ կետում նշված է հետևյալը․ «Երկրի մակերևույթի վրա մակերես ունեցող փորվածքներն արմատական ապարների սահմանից 4-6 մետր խորությամբ ծածկվում են քարե կամ երկաթբետոնե միջնորմով, փորվածքի բերանը երկրի մակերևույթից մինչև միջնորմը լցվում է դատարկ ապարներով և ծածկվում քարե կամ երկաթբետոնե միջնորմով»։
Բաց հանքավայրի տարածքում կա ուղղահայաց փորվածք, որի միջոցով հանքանյութը մակերևույթից լցվում էր ներքև՝ դեպի 805 հորիզոն, իսկ այնտեղից այդ հանքուղով հանքանյութը հասնում էր ներկայիս կոմբինատի տարածքը։ Ինչպես տեսնում ենք այս փորվածքը ոչ մի ձևով չի ծածկված։



Այդ ժամանակ ստուգողներն էին Գագիկ Թորոսյանը, Գագիկ Խոջայանը, Նվարդ Գալեչյանը և Արման Վարդանյանը, իսկ Ընդերքի վերահսկողության տեսչության պետը՝ Երվանդ Հովհաննիսյանը, հաստատել է ստուգման արդյունքները։
Ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի N485-Ն որոշման չոր կոնսերվացման դեպքում` գոյություն ունեցող ջրահեռացման կայանքները մնում են գործողության մեջ և ապահովում ջրահեռացումը լեռնային փորվածքներից:
Չոր կոնսերվացման ամբողջ ժամանակաշրջանում բոլոր հիմնական փորվածքները պետք է հետազոտվեն կոնսերվացման նախագծին համապատասխան` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Հետազոտումը կատարվում է ազատ տեղաշարժի և օդափոխության պայմաններում:
Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված համայցերի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացրել են, որ 2009-ից առ այսօր այց կատարվել է միայն 2019 թվականին։








Այս ամենը վերջին հարյուրամյակի ընթացքում ղեկավար մարմինների ակնհայտ անտարբերության և շահագործողների անպատասխանատվության հետևանքն է, իսկ թե ներկայիս և հաջորդող իշխանություններն ինչ վերաբերմունք կդրսևորեն բնական միջավայրի պահպանության գործում, պարզ կլինի արդեն ապագա սերունդների համար։

Երբ ՀՀ կառավարությունը կկարողանա գոնե 1 լքված հանքավայրի ճիշտ ռեկուլտիվացիայի հաշվարկ կատարել և իրագործել այդ ծավալուն վերականգնողական աշխատանքը, հանրությանը պարզ կդառնան հանքարդյունաբերության տված օգուտների ու հասցրած վնասների իրական տարբերությունը։