Ամուլսար

2020թ․ օգոստոսի 4-ից Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիներ հավաքվել են շահագործվելիք հանքավայրին հարակից տարածքում։  
Հայկական բնապահպանական ճակատը նման հաղորդագրություն է տարածել․
- Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:
Հանրության հիմնական պահանջն է՝
1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։
Կարճաժամկետ պահանջն է՝
2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:
‼️ Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով
- գնալով Ամուլսար
- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով
- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով
- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով
- տեղեկատվություն տարածելով
- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով
Սկսվել է ամեն բան դեռ 2005 թվականին, երբ  Ամուլսարի հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարեց «Գեոթիմ» ընկերությունը։  Չնայած ընկերության տարածեց տեղեկատվության, որ  Ամուլսարի ոսկու հանքը հայտնաբերել են իրենք՝ այնուամենայնիվ, հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ տարիներից: Խորհրդային տարիներին հանքավայրի շահագործումը աննպատակահարմար է համարվել։ Իսկ հիմա Լիդիան Արմենիա ընկերությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-յի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն: Համաձայն 2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները և 2016 թվականի ապրիլի 29-ին տվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն։ 

Առ այսօր բնապահպանները, բնակչության զգալի հատվածն ու այլ շահագրգիռ անձինք պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ։ 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 5-08-2020, 14:53
0
846

Նմանատիպ հայտեր


Սկիզբ