Երեխայի մուտքը կրթական հաստատություն սթրեսային չպետք է լինի

 
Սեպտեմբերմեկյան փուչիկների, ժպիտների և ուրախ տրամադրության հետևում ցավոք անդադար մանկական լացերն ու գոռոցներն են, հոգեբանական սթրեսի ենթարկված երեխաներն ու վարակիչ հիվանդությունների կծիկը, որն արագորեն գտնում և բռնում է ժամերով լացած, ծնողների գգվանքից զրկված և իմունիտետը կորցրած երեխաներին։ Սթրեսային վիճակներից խուսափելու, երեխայի առաջին քայլերը կրթական կենտրոն առավել հաճելի դարձնելու մասին խոսել ենք հոգեբան Վիոլետա Արարատյանի հետ։
1. Ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի երեխան, եթե մուտքը նոր հաստատություն սխալ լինի։
- Նախ շատ ուրախ եմ, որ հիմա լրագրությունը քիչ թե շատ դուրս է գալիս աստղային անկողիններից ու նման թեմաների է անդրադառնում։ Եվ շնորհակալ եմ, որ ինձ եք վստահել հարցերի պատասխանները։ Նոր հաստատությունը կարող է լինել ինչպես պարտեզը, զարգացման կենտրոնը, այնպես էլ դպրոցը, խնդիրները այս դեպքում տարբեր են, եթե երեխան դպրոց է գնում սխալ հիմքով, հիասթափությունը լինելու է կրթությունից։ Եթե խոսենք պարտեզի մասին, այստեղ խնդիրները էականորեն տարբեր են, քանի որ մամայից կպած լինելուց հետո, պարտեզը առաջին հաստատությունն է, որտեղ երեխան մուտք է գործում,  հետևաբար ազդեցությունը շատ մեծ է։ Սա մեծ աշխարհի հետ շփման առաջին փորձն է։ Կախված սխալից, խնդիրները շատ բազմազան կարող են լինել` սկսած անհատականության կոտրվելուց մինչև վախի դրսևորումներ։
2. Երեխաները հաճախ լացում են, որոշ երեխաներ անգամ ամբողջ տարին լացելով են գնում մանկապարտեզ, սա ինչի՞  հետ է կապված
Երեխաների լացը կարող է լինել ինչպես տագնապի, անհանգստության, մամայից բաժանման տխրության պատճառով, այնպես էլ պարտեզում որևէ խնդիր լինելուց (օրինակ չհամակերպվի կարգուկանոնի, ռեժիմի հետ)։  Սակայն ողջ տարին լացով գնալը խոսում է ծնող֊երեխա շփման ճիշտ եզրեր չլինելու մասին, եթե տանը դաստիարակության հիմքերը ճիշտ են դրված, երեխան ստիպված չի լինում անդադար լացել, որպեսզի իրեն լսեն և հասկանան։ Սկզբնական դիմադրությունը կարող է լինել շատ բնական, ծնողի և պարտեզի օգնությամբ կարճ ժամանակում հաղթահարելի, բայց ողջ տարին լացելով պարտեզ գնալը ընդհանրապես չեմ ընկալում, սա թերևս ինձ համար երեխայի նկատմամբ անարդար վերաբերմունքի դրսևորում է, քանի որ լավ տեղ գնալուց երեխաները չեն լացում, իսկ եթե կա լաց, ուրեմն կա խնդիր, հետևաբար ծնողը պետք է այն վերլուծի և կարճ ժամանակում գտնի լուծումներ։
3․ Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել երեխայի նոր հաստատություն հաճախելը, որ պակաս սթրեսային լինի և մայրիկի և բալիկի համար
Իրականում հենց այս կազմակերպելու գործընթացից է շատ բան կախված։ Երբ մամաները չեն նախապատրաստում երեխային նոր հաստատություն հաճախելուն, երեխայի համար դա շոկ է, հաճախ կարծում ենք, որ մեկ երկու շաբաթը լիովին բավական է նախապատրաստելու համար, բայց դա իհարկե այդպես չէ։ Մոտ 1 տարի երեխային պետք է նախապատրաստել պարտեզին, սա չի նշանակում, որ մեկ տարի, ամեն օր երեխային պետք է ասենք դու շուտով պարտեզ ես գնալու, սա նշանակում է կազմակերպել երեխայի կյանքը պարտեզի կյանքին ավելի մոտ պայմաններով, ռեժիմ սահմանել քնի, ուտելու, որոշակի սահմանափակումներ և կարգոկանոն հաստատել տանը, լռելուն և լսելուն սովորեցնել։ Մյուս տարածված մոլորությունն այն է, որ ծնողներին թվում է, որքան գեղեցիկ նկարագրենք պարտեզը, այնքան հավեսով կգնա։ Այնտեղ խաղալու ես, լիքը բալիկներ կան, լավ խաղալիքներ և այլն։ Երեխան արդեն հեքիաթային վայրի սպասելիքներով գնում է պարտեզ ու բախվում իրականությանը. երեխաները լացում են, դայակը պահանջներ է ներկայացնում, կա գրաֆիկ, կա կարգուկանոն  և այլն։ Այսինքն պետք չէ երեխային ոչ ռեալիստիկ խոստումներ տալ, այլ մաքսիմում իրատեսական պատկեր նկարագրել թե ինչ է պարտեզը, ինչի համար է ինքն այնտեղ գնալու, ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել և այլն։
4․ Լացելով, գոռալով կարելի՞ է երեխային թողնել
Ամեն մամա ինքն է որոշում իր երեխային լացով թողնել թե ոչ։ Կոնկրետ իմ սկզբունքներին դա դեմ է, որովհետև ես  սովորեցրել եմ երեխայիս հաղորդակցվել ինձ հետ առանց լացի, ես սովորեցրել եմ, որ կլսեմ իրեն, երբ ինքն ինձ հետ խոսում է և ոչ թե լացում և հետևաբար լսելի լինելու համար իմ բալիկը կարիք չունի լացելու։ Սա ամեն ոլորտին է վերաբերվում։ Մենք հասուն մարդիկ ենք և պետք է իրար հասկանանք խոսքով, սա է մեր շփման բանաձևը։Կտրականապես դեմ եմ կլացի կլացի կսովորի տարբերակին, քանի որ սա կարող է լինել եիեխայի կոտրվելու հաշվին։ Այո կսովորի, բայց ինչ գնով: Եթե մեզ էլ մի օր Աստված չարասցե, տանեն գաղութ և ասեն վերջ, դու դատապարտված ես այստեղ մնալ 3 տարի, կլացենք, կնյարդայնանանք, կփորձենք պայքարել,  բայց ելք չունենալու դեպքում մի օր կհամակերպվենք անարդար աշխարհի օրենքներին, մեծ սթրեսով գնով իհարկե։ Պետք է երեխայի հետ հաղորդակցման ճիշտ հիմքեր դնել, սովորել խոսել և լսել, հասկանալ ինչու է դիմադրում և եթե հնարավոր է, օգնել, որ ինքն այդ դիմադրությունը հաղթահարի։ Սա չի նշանակում պետք է երեխայի կապրիզներին կուլ գնալ, դա նշանակում է երեխային սովորեցնել կապրիզներ չանել, իսկ եթե դա կապրիզ չի, այլ հստակ ձևակերպված արդարացի պահանջ` իհարկե ընդունել։





скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 6-10-2021, 17:02
0
180

Նմանատիպ հայտեր


Սկիզբ