Գյումրի-Կապան միությունը տաղանդներ է ծնում
Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Ադամյանը: Այս տիտղոսին նա արժանացավ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:


Ջեմմայի մայրը կապանցի է, հայրը գյումրեցի: Ծնվել է 1994թ.-ին: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կապանի կուրսը՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցը:
Ուսանողական տարիներին աշխատել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև տեղափոխվել Գյումրի և հիմա աշխատում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:


«Գյումրու թատրոնը ավելի հեռանկարային է և չեմ վախենա ասել ամենապրոֆեսիոնալը: Չնայած ես Կապանում աշխատելու տարիներին ունեցել եմ Արտավազդի շրջանակներում անցկացվող ստուգատեսի պատվոգիր ՀԹԳՄ ի կողմից «Եվգինե» ներկայացման համար, բայց այս մրցանակը շատ անսպասելի էր։ Նույնիսկ չէի պատկերացնում որ կհնչի իմ անունը: Կային շնորհալի դերասանուհիներ, որոնց ճանաչում էի »,- նշեց Ջեմման:
Ջեմման նշեց նաև, որ երազանքներ չունի, ունի նպատակներ, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ:


«Ներկայացման հերոսուհին երազկոտ, սիրող ու երազող աղջկա կերպար էր, բայց այդ ռոմանտիկ բնորոշիչների հետ մեկտեղ ավելացնեմ, որ շատ ուժեղ ու պայքարող: Նման գծեր ունեինք, բայց և հակասություններ շատ կային, որոնց հետ որպես Ջեմմա մարդ համաձայն չէի, բայց կերպարս կարողացավ ինձ հակառակն ապացուցել»,-ասաց նա:
Ջեմմային մաղթում ենք նոր բեմեր և նոր հաջողություններ:














