Ազգությամբ ռուս, հոգով հայ

 


Խորհրդային միության տարիներից Հայաստան տեղափոխված ազգությամբ ռուս Զինաիդա Դմիտրևնան այնպիսի մեծ սիրով և ջերմությամբ է խոսում հայերի և հատկապես կապանցիների մասին, որ դժվարանում ես հավատալ, որ նա ազգությամբ հայ չէ: Նա այնպիսի ցավով, այնպիսի կսկիծով է պատմում հայերի ցեղասպանության, Արցախյան պատերազմի մասին, ակամայից զգում ես, որ քո առջև ‹‹հայ›› կին է կանգնած՝ իր ողջ վեհությամբ և խոհեմությամբ:

 

Ծնվել է 1938թ. հունվարի 5-ին: 1954թ.-ից տեղափոխվելով Հայաստան և հետագայում  ամուսնանալով կապանցու հետ, Զինաիդա Դմիտրևնան նաև իր ավանդն է ունեցել տարածաշրջանի մանուկների դաստիարակության գործում՝ իր հետքը թողնելով շատ կապանցիների կենսագրություններում:

Մարդու համար կյանքի  ամենակարևոր ժամանակաշրջանի մանկապատանեկան հատվածում, այցելելով ‹‹Լենհանքեր›› կոչվող թաղամասի մանկապարտեզ, շատ կապանցիներ  ստացել են նրա խոհեմության, սիրո և բարության դասերը:  Իր կյանքի լավագույն  37 տարիները նա հենց այս գործին նվիրեց:



 

‹‹Մանկությունը յուրաքանչյուրիս կյանքում շատ կարևոր է: Կարևոր է, որ երեխան լավը  տեսնի, բարին սովորի: Մայրս միշտ արգելում էր փողոցից որևէ բան բերենք տուն: Մի անգամ, երբ մի երեխա  արկղ էր բերել և խաղում էինք դրանով, հետո նա թողեց բակում և ես տուն տարա: Մայրս շատ բարկացավ և այդ օրվանից իմ մոտ տպավորվեց, որ ուրիշի կորցրածը գտնելով ոչ ոք չի ուրախանա և մտապահեցի այդ դասն իմ համար: Առաջին օտարալեզու բառը, որ ես լսել եմ իմ կյանքում դա կինդերն (KINDER)-ն է եղել: 1943թ. երբ ես 5 տարեկան էի, գերմանացի զինվորները ներխուժել էին Խադժոխ գյուղը(Ստավրոպոլի շրջան), որտեղ էլ մենք ապրում էինք: Մայրս այդ ժամանակ հիվանդ էր, ես և քույրս փոքր էինք:  Օտտո անունով գերմանացի խոհարարը, ում միջնորդությամբ մայրս բուժվեց գերմանացիների կողմից ժամանակավոր ստեղծված բուժ. կետում , մեզ էլ հոգ էր տանում մինչև նրա վերադառնալը: Հաճախ էր ցույց տալիս իր երեխաների նկարները, իսկ երեխա բառը գիտեք գերմաներեն հենց կինդեր է նշանակում: Այդ ժամանակից ես հասկացա, որ բարությունն ու սերը ազգեր և սահմաններ չեն ճանաչում: Հայրս մահացել էր պատերազմում, ծանր ժամանակներ էին…››,- նշեց Զինաիդա Դիմիտրևնան:

 

Ունենալով ծանր մանկություն, նա միշտ փորձում էր երեխաներին տալ այն, ինչ ինքը չի ունեցել: Յուրաքանչյուր երեխայի նա անհատապես էր մոտենում և նշեց, որ հիմա էլ երեխաները նույնն են, պարզապես նրանց սեր և հասկանալ է պետք:

Քրտնաջան աշխատանքի համար Կապանի ժողկրթբաժնի լուսավորության աշխատողների արհմիության շրջկոմը  1979թ. մանկան միջազգային տարվան լավ նախապատրաստվելու, տարեվերջի հանդեսները և ցուցահանդեսները լավ կազմակերպելու համար Զինաիդա Դմիտրևնային  շնորհել է պատվոգրով, պարգևատրվել է նաև աշխատանքային վետերանի մեդալով:


 

‹‹Նա կին է մեծատառով, լավ մայր, տատիկ, քույր, խորհրդատու: Կապանում նա այն եզակի մարդկանցից է, որոնց հետ կարելի է շփվել անվերջ ու անվերջ, լսել թե ինչպես է բոլորի մասին միայն դրականն արտահայտվում, ինչպես է կյանքի անգամ ամենադժվար պարագաներում լուսավոր կետեր տեսնում: Ես կցանկանայի, որ նա միշտ ժպտար և իր լուսավոր էներգիան սփռեր ամենուր՝ իր կերպարով օրինակ հանդիսանալով բազմաթիվ մարդկանց համար: Նա շատ թափանցիկ և միաժամանակ շատ խորիմաստ կին է: Նա ունի բացառիկ ունակություն, երբեք ցույց չի տալիս իր տխրությունը և կարծում է, որ մարդ իր պրոբլեմներով չպետք է ծանրաբեռնի ուրիշներին››,- այսպես արտահայտվեց Զինաիդա Դմիտրևնայի մասին մանկավարժ Ամալյա Սարգսյանը:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Զինաիդա Դմիտրևնային ռուսական իշխանություններն առաջարկեցին, որպես թիկունքի զոհված հերոսի դուստր ստանալ քաղաքացիություն և շատ արտոնություններ, վերջինս հրաժարվեց՝ նախընտրելով հայկականը, կրկնակի անգամ ապացուցելով իր նվիրվածությունն ու հավատարմությունը իր  ամուսնուն և իր հայ ընտանիքին:

 

Կավարտ թաղամասի (այստեղ էր գտնվում մանկապարտեզը) բնակիչներն էլ մեծ սիրով և ջերմությամբ են հիշում նրան, նշելով, որ այսպիսի պատվավոր  կանայք շատ քիչ են լինում , քանի որ նրա տված հայրենասիրության և մարդասիրության դասերն իրենց երեխաների հաջողությունների հիմնական գրավականն են հանդիսացել: Զինաիդա Դմիտրևնայի սաներն այսօր բժիշկներն են, հաջողակ բիսնեսմեններ, ստեղծագործողներ  և պարզապես լավ մարդիկ:


Թող որ այսպիսի օտարազգի, բայց ճակատագրի բերումով  ‹‹հայ›› նվիրյալ կանայք շատ լինեն…

  

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 10-05-2018, 11:56
0
1 286

Նմանատիպ հայտեր


Սկիզբ