Այսօր անտառների պահպանության միջազգային օրն է
Ամեն տարի մարտի 21-ը նշվում է որպես անտառների պահպանության միջազգային օր: Անտառների միջազգային օրը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, որն, ըստ ավանդույթի, համարվում է գարնան առաջին օրն ու նոր կյանքի սկիզբը:
Անտառների պահպանության միջազգային օրը նշվում է սկսած 1971 թվականից` ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսական կազմակերպության և եվրոպական գյուղատնտեսական կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Մենք հաճախ թերագնահատում ենք անտառների նշանակությունը՝ մոռանալով, որ այն կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է: Հենց անտառի պահպանմամբ է պայմանավորված մոլորակի պահպանման խնդիրը:


Ողջ աշխարհում անտառի պահպանման խնդիրը շատ սուր է դրված, և եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից: Անտառները զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2%-ը:
Անտառներով համեմատաբար հարուստ Սյունիքը գտնվում է որոշակի հակասական վիճակում՝ մի կողմից առկա են հարուստ և գեղատեսիլ անտառներ, իսկ մյուս կողմից՝ հանքային պաշարներով՝ մետաղներով, քարերով հարուստ ընդերքը հանքարդյունահանվում է, որը սոցիալ-տնտեսական դրական հետևանքների հետ մեկտեղ մարզում առաջացրել է բնապահպանական բազում խնդիրներ։

Սյունիքում անտառներում կարելի է հանդիպել էկոհամակարգերի մեծ կենսաբազմազանություն, գլոբալ ու տեղական նշանակության ֆլորայի, ֆաունայի հազվագյուտ նմուշներ, որոնք ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում:
Այստեղ է գտնվում նաև Սոսու պուրակ արգելավայրը՝ Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1958 թվականին, ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահող գետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ՝ 700-800 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ արևելյան սոսու բնական պուրակի (միակը՝ Կովկասում) պահպանության նպատակով։
Եվ չնայած Սյունիքում հանքավայրերը և դրանց շահագործման թույտվությունները կարծես երկրաչափական պրոգրեսիայով են աճում, անտառների պահպանության օրը լավատեսորեն հավատանք, որ բնությունը հաղթում և ներում է ամեն տեսակ մարդկային անկրթությունները:













