Կապանում երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվելու
2018թ. սեպտեմբերի 3-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մանիսա» ՍՊ ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի երեւակումում 2018-2019 թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Կապանի երեւակման ավազակոպճային խառնուրդը նախատեսվում է ուսումնասիրել որպես հումք շինարարական խճի եւ ավազի, ինչպես նաեւ ճանապարհաշինարարական պաստառահումքի արտադրության համար: Երեւակման օգտակար հանածոն իր որակական հատկություններով պետք է բավարարի ՀՍS ГОСТ 8267-95 «Խիճ եւ կոպիճ խիտ լեռնային ապարներից շինարարական աշխատանքների համար» եւ ՀՍS ГОСТ 8736-95 «Ավազ շինարարական աշխատանքների համար» տեխնիկական պահանջներին համապատասխան վերջնաարտադրանքների ստացումը:
Երեւակումը գոյություն ունի նախկին Սովետական Հանրապետության օրոք, Սովետմիությունը փլուզվելուց հետո այդ հատվածը վերածվել է աղբատեղի: «Մանիսա» ՍՊԸ-ի կողմից մաքրվել է այդ բոլոր աղբը, տարածքը բերվել է նախկին տեսքին, «Մանիսա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից նախնական տեղազննման արդյունքներով:
Ընկերության տնօրեն Սպարտակ Հայրապետյանը ներկայացրեց ընկերության սպասվելիք գործունեությունը, նշելով, որ այն կնպաստի ոչ միայն տեղական հումքի արտադրությանը եւ այս արտադրատեսակի Կապանի շուկայում ավելի հասանելի լինելուն, այլեւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը :
Կապանի բնապահպանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանն էլ նշեց, որ այս խնդիրն իսկապես առկա է Կապանի շուկայում և քանի որ, ըստ երեւույթին բնապահպանական վնասներ էլ չկան, նախագիծը ողջունելի է եւ ինքն անձամբ մեծ ուրախությամբ կօգտվի ընկերության արտադրանքից:
Կապանի ավազակոպճային խառնուրդի երեւակումում նախատեսված երկրաբանահետախուզական աշխատանքների եւ օգտակար հանածոյի լաբորատոր ուսումնասիրությունների ավարտից հետո (դրական արդյունքների դեպքում), նախատեսվում են աշխատանոցային աշխատանքներ, որի ընքացքում.
- կամփոփվեն եւ կհամակարգվեն դաշտային փաստացի երկրաբանական նյութերը, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները,
- կտրվի հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը,
- կկատարվի օգտակար հանածոյի պաշարների հաշվարկը,
- կկազմվի երկրաբանական հաշվետվություն՝ հանքավայրի երկրաբանատնտեսական
գնահատմամբ եւ պաշարների հաշվարկմամբ:
Կազմված հաշվետվությունը կներկայացվի ՀՀ Էներգիկ ենթակառուցվածքների եւ
բնական պաշարների նախարարություն ընդերքաբանական փորձաքննության համար:
















