Բուռն քննարկումներ Կապանում
«Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված՝ Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 3-րդ փուլը Կապանի համայնքապետարանում նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 4-ին: Հանրային լսումը, որը վերաբերում էր «Արարատցեմենտ» ընկերության կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելուն, սակայն, կայացած համարել չէր կարելի: Ժամը 14:00-ից սկսած համայնքապետարանի նիստերի դահլիճի մոտ հավաքված քաղաքացիները, որոնք դեմ են քաղաքում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցմանը, շրջափակել էին նիստերի դահլիճի դուռն ու պնդում էին, որ ոչ ոքի ներս չեն թողնի: Դրսում հավաքված «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներն էլ նշում էին, որ սա օրենքի խախտում է եւ իրենք իրավունք ունեն անցկացնելու հանրային քննարկում: Սահմանված ժամկետում քաղաքացիներն այդպես էլ ներս չթողեցին նրանց, անգամ ոստիկանների ներկայությունն ու փորձերը ամեն բան հարթեցնելու անհաջողությամբ ավարտվեցին:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի («Արարատցեմենտը» հենց այս կոնցեռնի մաս է կազմում) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց համագործակցել, ներս մտնել եւ ներկայացնել իրենց բողոքները, սակայն քաղաքացիները ոչ միայն չհամաձայնեցին այս պայմանին, այլեւ վանկարկումներով եւ ծափահարություններով շարունակեցին բողոքի ակցիան: Երկար բանակցություններից եւ վեճերից հետո վերջինս հայտարարեց, որ համայնքապետարանը չի կարողանում ապահովել հանրային լսումը՝ այդպիսով խախտելով օրենքն ու իրենց իրավունքները: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ավետիք Համբարձումյանին նա առաջարկեց տրամադրել արձանագրություն եւ ներառել այն քաղաքացիների անուններն ու ստորագրությունները, որոնք ներկա էին եւ դեմ էին հանրային քննարկման իրականացմանը; Քաղաքացիները սակայն պնդեցին, որ սա եւս մեկ քայլ է անօրինական գործողություններ իրականացնելու եւ հանրային քննարկումն օրինական ճանաչելու եւ որ իրենք որեւէ տեղ ստորագրություն չեն դնի:
Թվով երրորդ չկայացած հանրային քննարկման ճակատագիրը դեռ պարզ չէ: Համայնքապետարանն իր իրավասությունների շրջանակներում հնգօրյա ժամկետում կարող է տրամադրել քննարկման վերաբերյալ արձանագրություն, որից հետո պարզ կլինի ընկերությունը եւս մեկ անգամ քննարկման հայտարարություն կտեղադրի թե՞ ոչ:
Քաղաքացիներն պնդում էին, որ օրենքի լուրջ խախտումներ արդեն եղել են, նրանցից մի քանիսը նշեցին, որ քննարկումների փուլ կվերադառնան արտադրամասի տարածքում արդեն իսկ կատարված շինարարական գործողությունները վերացնելուց հետո միայն: Նշենք, որ 2017-ի նոյեմբերի 13-ին, Կապան համայնքի ղեկավարի կողմից «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն տուգանվել էր 600 հազար դրամով: Ընկերությանը նաեւ պահանջ էր ներկայացվել դադարեցնել շինարարությունը, քանի որ ընկերությունը դեռ չէր իրականացրել օրենքով նախատեսված բոլոր հանրային քննարկումները:















