Վթար Արծվանիկի պոչամբարի խողովակաշարում

  2019թ․հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի՝ Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող թափուկատարի 2-րդ դյուկերի վնասվելու հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետն ու աղտոտել այն։ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարզպետի գլխավորությամբ տեղում են եղել նաև մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ԱԻՆ մարզային կառույցների պետերը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։




  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարել է վթարի հետեւանքների վերացման աշխատանքներ իրականացնել։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները գետից նմուշառումներ են կատարել:


  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նշել է, որ վթարի վերացման համար իրականացվում են գործողություններ։  «Մասնագետների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն է իրականացվում: Դեպքի վայրի զննության և մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,- նշել է նա:

  Նման վթարներն ու աղտոտումները կարծես սովորական և պարբերական բնույթի են, սակայն այս մեկն ըստ բնակչության աննախադեպ էր։ Աննախադեպ էր նաև հասարակության ու հատկապես պետության ու պատկան մարմինների հետաքրքրվածությունը այս խնդրի շուրջ և ողջունելի։
 
  Կապան քաղաքում Վաչագան մաքուր գետի և Ողջի գետերի միացման կետում պարզ երևում է մաքուր բնության ու հանքարդյունաբերության պատճառով էկոհամակարգը կեղտոտելու տարբերությունը։ Իհարկե լուսանկարի և տեսանյութի միջոցով հնարավոր չէ փոխանցել հանքարդյունաբերական թափոնների տհաճ և սուր հոտերը։ Հնարավոր չէ փոխանցել նաև թե իրականում ինչպիսի ցավ կարելի է զգալ տեսնելով, թե ինչպես է քանդվում ու աղտոտվում մի ամբողջ դրախտային միջավայր՝ գեղեցիկ էկոհամակարգ, որում կարելի էր տուրիզմ և գյուղատնտեսություն զարգացնել։



  «Իրականում բնապահպանական վնասի գործող կարգավորումները կառավարության մի որոշմամբ են, ջրային ռեսուրսներին հասցված վնասների համար հաշվարկված։ Ծիծաղելի սակագներ են և շատ փոքր գումարների մասին է խոսքը գնում։ Ներկայումս նախարարությունը վերանայում է այդ սակագները»,- լրագրողներին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ 


  Իսկ ինձ որպես շարքային քաղաքացի հասկանալի դարձավ, որ ծիծաղելով էլ ապրել ենք տարիներ ի վեր, ծիծաղելով քանդել, ավիրել, ծիծաղելով թույլ տվել թալանեն մեզ, կարևորը ծիծաղելով ․․․

  Նոր կառավարության նորանշանակ Ընդերքի և տեսչական մարմնի պետ Արթուր Գրիգորյանը իր էջում գրառում է կատարել
- Բնապահպանական վերահսկողության գործիքակազմը շատ բազմազան է և չի ենթադրում միայն մի քանի գրոշի չափով վնասի հաշվարկ ու տուգանք, ինչպես փորձում են ներկայացնել բնապահպանության ոլորտի այսօրվա պատասխանատուները: Տեսչության ամենաազդեցիկ գործիքը ընկերության տնօրենին տրվող հանձնարարականն է, որը տվյալ դեպքում պետք է լինի՝ "առնվազն Գերմանիայում ընդունելի չափանիշներին համապատասխան" Ողջի գետը ընկերության լցրած թափոններից մաքրելը:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը ազատվել է աշխատանքից ԶՊՄԿ-ում իրականացրած երկարատև ստուգումների արդյունքները հրապարակելուց առաջ։

  Պետք չէ քանդել բնությունը, այլ պետք է համագործակցել նրա հետ։ Մայր բնությունը քանդողը իր ապագան է քանդում, իսկ բնության հետ համագործակցողը իր ապագան է կերտում։



  Տեսանյութում երևում է ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով Ողջի գետի աղտոտումն, որը ձգվում է 50 կիլոմետրից ավելի և հասնում մինչև Արաքս գետ։ Աղտոտված բնակելի տարածքներից ամենամեծը Կապան քաղաքն է, որի միջով մոտ 13 կմ անցնում է Ողջի գետը։ Տեսանյութը նկարահանված է Կապան քաղաքի կենտրոնական հատվածում։

  Ստորև քարտեզում կարող եք դիտել Ողջի գետի հոսքը և թե հանքարդյունաբերողներն ինչպես են աղտոտում գետը, գետը աղտոտվում է նաև արդեն լքված հանքերի թթվային դրենաժի պատճառով։ Քարտեզում նշված է նաև կոմբինատների պոչատարերը, պոչամբարների և կոմբինատների դիրքերը։



  Վերջերս հաճախ է շահարկվում խոսակցություններ, թե Ամուլսարի պաշտպանությամբ հետաքրքրված են այլ հանքարդյունաբերողներ, և եթե իբրև բարձր ստանդարտներով նոր հանքարդյունաբերություն սկսվի Հայաստանում, ապա մյուս հանքարդյունաբերողները ևս ստիպված կլինեն բարձրացնել իրենց ստանդարտները։ Այսպիսի գիտակցությունը ամբողջությամբ անպատասխանատու է։ Եթե պետությունը ի վիճակի չէ եղած հանքարդյունաբերողներին կարգի հրավիրել, ապա նոր հանքարդյունաբերության մասին մտածելն անգամ ավելորդ է, ուր մնաց այդ մասին խոսել։



  Տեղեկացնենք նաև որ այս վթարները տարեկան մի քանի անգամ լինում են և օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը, այլապես հնարավոր չի լինի արդարության հասնել։

  Ստորև պատկերված է Ողջի գետի տարբեր տեղերից աղտոտումները տարբեր ժամանակներում հանքարդյունաբերության հետևանքով
 
  Լուսանկարներում երևում է Ողջի գետի աղտոտումը Կավարտի լքված հանքավայրից առաջացող թթվային դրենաժի հետևանքով արտահոսող ջրերով անձրևից հետո։

Այստեղ Նույնպես Կավարտի լքված հանքավայրի թթվային ջրերն են միանում Ողջի գետին Գործարանային թաղամասում։

  Իսկ այս տեսանյութում երևում է թե ինչպես են Արծվանիկի պոչամբարից ավելցուկային ջրերը լցվում Նորաշենիկի ձորով հոսող գետակ և նորից միանում Ողջի գետին։



  Իսկ ի սկզբանե մաքրամաքուր ջրերով սկիզբ առնող Ողջի գետը շարունակվում է տարբեր կողմերից աղտոտվել հանքարդյունաբերության հետևանքներով և շարունակում իր անխոնջ ընթացքը։скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 17-10-2019, 15:50
0
617

Նմանատիպ հայտեր


Սկիզբ