«Մինչեւ ե՞րբ եք մեր բնությունն ու հողերը հանքերի վերածելու»




2018թ.-ի օգոստոսի 20-ին կայացած Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը 10 կետից էր բաղկացած: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու եւ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից 0.065 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին եւ մի քանի այլ կետեր սահուն կողմ քվեարկվեցին համայնքի ներկա ավագանու անդամների կողմից, սակայն երբ հերթը հասավ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար եւ Չափնի գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին կետին՝ կրքերը թեժացան: Նախ ավագանու անդամներից մեկն առաջարկեց հաշվի առնել այն փաստը, որ տվյալ տարածքներում հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքների մասին որոշումները ըստ երեւույթին տրվել են մինչ համայնքների խոշորացումը գյուղական համայնքների ավագանիների կայացրած որոշումների հիման վրա եւ իրենք տեղյակ չեն հարցին, ապա քննարկմանը միացան բնակիչներ, բնապահպաններ, որոնք էլ իրենց հերթին պնդեցին, որ հասարակության կարծիքը հաշվի չի առնվել եւ հանրային քննարկումներն ուղղակի անց են կացվել:

 

  <<Ես հարց եմ ուզում ուղղել ԶՊՄԿ-ի ներկայացուցչին: Մինչեւ ե՞րբ եք մեր բնությունն ու հողերը հանքերի վերածելու, դա՞ է մեր համայնքի զարգացման ուղին, այսօր 400 հեկտար, վաղը 500, մինչև ե՞րբ>>,- հարցրեց Արկ բնապահպանական ՀԿ-ի համակարգող Արմեն Ղազարյանը:

  Որին ի պատասխան ԶՊՄԿ ոչ արտադրական շինարարության դեպարտամենտի գլխավոր մասնագետ Արման Գրիգորյանը պատասխանեց, որ նման հարցերին պատասխանելն իր իրավասությունների մեջ չի մտնում եւ ինքն ուղղակի որոշումները կարող է ներկայացնել: Վերջինս չկարողացավ պատասխանել նաեւ, այն հարցին, թե արդյո՞ք ԶՊՄԿ-ն խախտել է իրեն տրված արդյունահանման ծավալները:

  Չափնի համայնքի ղեկավարն էլ նշեց, որ հանրային քննարկումներն անց են կացվել առանձ իրենց համաձայնության: Իրեն անձամբ ստորագրելու է դրդել նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ինքն էլ լինելով մարզպետարանի ենթակայության տակ աշխատող անձ ստիպված համաձայնել է: Այժմ երկրորդ կարգի հաշմանադամ համայնքի ղեկավարը կարծում է, որ հենց պոչամբարն է իր հիվանդությունների պատճառը:

  Չնայած բնակիչների բողոքներին ի պատասխան միայն կառավարությանը նամակներ ուղղելու կոչեր էին հնչում, ամեն դեպքում օրակարգային այս հարցը որոշվեց հետաձգել մեկ շաբաթով, առավել խորքային ուսումնասիրության նպատակով:


  Արծվանիկի պոչամբարը աշխարհի խոշորագույն պոչամբարներից մեկն է եւ բնապահպանների կարծիքով այն շուտով կսպառի իր ռեսուրսները մխրճվելով հարակից համայնքրի տարածքներ: Համաձայն գիտական տվյալների` («Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատություն , հեղինակներ` Ռ.Ս Մովսեյանը, Հ.Ի. Մովսիսյան, Երևանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Երևան, 2014), պոչամբարի փաստացի ծավալը կազմում է 270 միլիոն խմ, իսկ 300 միլիոնը` նախագծային ծավալն է:


Նյութի սկզբնաղբյուրը ՝ asparez.am скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 20-08-2018, 17:19
0
4 357

Նմանատիպ հայտեր


Սկիզբ