Վիլենի ստեղծագործությունները . . .
Վիլեն Բարսեղյանը ծնվել է 1980թ.-ի մայիսի 7-ին Կապան քաղաքում: Ունի 200-ից ավելի չափածո ստեղծագործություն: Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, սիրում է շփվել բնության հետ, լսել որակյալ երաժշտություն: Մասնակցում է Կապանում անց կացվող '' ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ '' ինտելեկտուալ խաղերին:
Ստեղծագործելու իր բանաձևն ըստ Վիլենի ահա իր այս ստեղծագործության մեջ է արտահայտվում.
Սրտի վերքերից, անցած հուշերից,
Անսեր օրերից, սիրուց ու ցավից,
Ծնվում են բառեր, միանում իրար
Դառնում են տողեր …
Ձեզ ենք ներկայացնում Վիլեն Բարսեղյանի մի քանի ստեղծագործություններ.
Խուստուփ
Ամեն առավոտ իմ պատուհանից,
Ես քեզ եմ նայում, անվերջ հիանում:
Մեր Խուստուփ սարն ես,
Հպարտ ու վսեմ,
Ամեն օր տարբեր, ամեն օր ուրիշ:
Մեկ մռայլված ես, խոժոռ ու ջղայն,
Կարծես մտահոգ աշխարհի ցավով,
Մեկ պայծառ ու ջինջ, կատարդ անամպ
Լույսով շաղախված:
Կարծես պարզել ես թևերդ հզոր
Ու սիրող հոր պես գրկել սիրալի,
Այս փոքրիկ քաղաքն ու մեզ ամենքիս:
Լանջերդ պատված թավ անտառներով
Իսկ նրանցից վեր չքնաղ մարգեր են,
Հազար ու մի բյուր հիասքանչ ծաղկով
Ողողված, լցված:
Ժլատ չի եղել, գույներ ընտրելիս
Մայր բնությունը հրաշքներ կերտելիս:
Բազում աղբյուրներ են
Սկիզբ առնում քեզնից,
Տանելով ջրերդ ջինջ ու անապակ
Հեռուներն անհաս, ծարավ ու պապակ:
Ինձ թվում է թե, ամեն մեկը, ով
Հեռու է այսօր ապրում այստեղից
Հարազատի պես քեզ է կարոտում,
Տանում նկարդ իր հետ հեռուներ,
Որ օտար երկրում հիշի Հայրենիք
Ու քեզ նայելով, կարոտը առնի:
Բազում դարեր են հպվել ստորոտիդ
Ու անցել անհետ,
Բայց դու կանգուն ես ու պիտի լինես
Ներկա և հաջորդ մեր սերունդներին
Պաշտպան, ապավեն,
Որ պիտի նայեն քեզ և հպարտանան,
Որ հայ են ծնվել այս չքնաղ երկրում,
Նայեն քեզ երկար, անվերջ հիանան
Եվ հույսով լցվեն դեպի ապագան:
Վիլեն Բարսեղյան 10.05.2015ԿԱՐԵՎՈՐ ՉԷ
Հավատա հիմա արդեն կարևոր չէ
Ով էր մեղավոր, և թե ով անմեղ,
Ցավոք, բայց հիմա նույնիսկ ցավոտ չեն
Անցյալի գրկի հուշերն երեկվա:
Կա մի գիտակցում անհարմար, տհաճ,
Որ ժամանակի քամիներն անգութ
Կարող են քշել ու տանել հեռու
Մեր սրտի պայծառ ու խենթ սերերը
Եվ մոռացության փոշու տակ կորցնել
Մեր նվիրական միամիտ հույսերը:
Է՜հ,դե ինչ արած, մենք հարմարվող ենք,
Կարող ենք կրկին սիրել, հավատալ,
Կարող ենք նույնիսկ մենք այն մոռանալ,
Ինչ մի ժամանակ մեզ համար կարծես
Գոյության լույս էր ու կյանքի իմաստ:
Հավատա հիմա արդեն կարևոր չէ…
Վիլեն Բարսեղյան 07.05.2017
ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ
Նրանք գնացին ու երկինք տարան
Իրենց սրտերում հազար անկատար
Իղձ ու երազանք:
Նրանք կանգնեցին մահվան դեմ հպարտ,
Որ չխոնարհվի Հայրենիքը մեր
Ոսոխի առջև ու մնա անպարտ:
Ապրեցին նրանք արժանավայել,
Իրենց սխրանքով մեզ ավանդեցին,
Որ երբեք չապրենք մանր ու գծուծ,
Փոքրհոգի, անկուշտ տականքի կյանքով,
Չլինենք կյանքում նյութապաշտության
Զոհեր ու գերի:
Պատիվ, գաղափար վեր դասենք շահից,
Որ չվաճառվենք ընտրության պահին,
Որ չհանդուրժենք անհանդուրժելին,
Որ հույսն արդարության մեր մեջ չմարի:
Նրանք հաղթեցին ոգու զորությամբ,
Արհամարեցին վայրագ թշնամուն,
Մահ ու արհավիրք,
Որ դու էլ երբեք չհանձնվես կյանքին,
Չարիքի առջև երբեք չընկրկես, միշտ
Պատրաստ լինես պայքարել, հաղթել:
Նրանք հեռացան, սակայն մեզ հետ են,
Քանի ելնում է արևը հայոց աշխարհի վրա,
Երբ գարուն բացվի ծաղկեն, կանաչեն
Սարերը հայոց,
Երբ անհոգ ժպտան հայ մանուկները,
Երբ հպարտ հնչեն երգերը ձոնված
Հայոց քաջերին:
Մեզ հետ են նրանք քանի աշխարհում
Կա ու կմնա հայ ու Հայաստան:
Վիլեն Բարսեղյան 07.04.2016
Գտեք Վիլենի այլ ստեղծագործությունները սոցիալական ցանցում
















