Հանքարդյունաբերության օգուտների մասին շատերն են բարձրաձայնում, վնասների մասին քչերն են խոսում: Եվ չնայած խնդիրները բոլորն են տեսնում, ընկերությունները շարունակում են աշխատել, երբեմն էլ նաև անպատժելիության մթնոլորտում վնասելով մարդկանց և շրջակա միջավայրին:
Մեր պատմության հերոսն անելանելի վիճակում հայտնվելով ուղղակիորեն սկսեց օգնություն խնդրել բոլոր-բոլորից՝ լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից, պետական պաշտոնյաներից: Բանն այն է, որ Մհերի տան մոտով, որը գտնվում է Կապան քաղաքի, Սպանդարյան 4-րդ նրբանցքում, 50 տարուց ավելի հոսում է մի առվակ, որն ըստ նրա վտանգավոր է շրջապատի համար: Առվակի ջրերը ժամանակ առ ժամանակ փոխում են գույնն ու ծավալները, ինչը ևս անհանգստացնում է բնակիչներին: Բնակիչների բողոքների մասին մանրամասն կարող եք դիտել այստեղ:
Փորձելով պարզել մարդկանց անհանգստացնող առվակի մասին, մեր թիմն առվակից 2 տարբեր փորձանմուշներ ուղարկեց «Առողջապահության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ բաղադրության ստուգման, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ ջրերը պատկանում են ամենաբարձր 5-րդ կարգին, ունեն բարձր թթվայնություն և ծանր մետաղների բարձր կոնցենտրացիա:
Ստորև աղյուսակում կարող եք տեսնել 2 տարբեր փորձանմուշների հետազոտության արդյունքների մանրամասները: Աղյուսակում երևում է, որ նմուշների ջրածնային ցուցիչները (pH) 2,9 և 2,95 են, որոնք տարբերվում են նորմայի 6,5-9 սահմաններից: Այս փաստը վկայում է ջրերի բարձր թթվայնության մասին: Իսկ ծանր մետաղների պարունակությունները այնքան շատ են, որ ջրերը պատկանում են հինգերորդ /ամենաբարձր/ դասի աղտոտվածությամբ ջրերի դասին: Հուսահատ բնակիչները նշում են, որ բազմաթիվ անգամներ են դիմել մարզպետարան, քաղաքապետարան, սակայն հարցի լուծումն այդպես էլ չի տրվել: Այսպիսով մեր թիմը սկսեց պաշտոնական տեղեկություններ հավաքագրել հարցումների միջոցով պատկան մարմիններից:
Կապան համայնքի ղեկավարին ուղղված մեր հարցման պատասխանը հուսադրող էր: Վերջինս նշել էր, որ համայնքը մտահոգված լինելով՝ նախաձեռնել է տվյալ հատվածում մաքրման կայան կառուցել: Աշխատանքներն իրականացնելու նպատակով նախատեսվում է հանքախորշի ներսում կառուցել ջրային առվակ /լոգ/ հանքախորշերից հոսող ջրերի մեխանիկական եղանակով մաքրման համար, ինչպես նաև հանքախորշը մաքրել տարիներով կուտակված ջրաբերուկային նստվածքից: Կապան համայնքի ղեկավարը հետամուտ լինելով մարդկանց բողոքներին անձամբ այցելեց և տեղում ծանոթացավ խնդրին, զրուցելով բնակիչների հետ:
Բայց ովքե՞ր են վերջիվերջո պատասխանատու այս իրավիճակի համար:
Կապանի լեռնահարստացման կոմբինատը ներկայումս շահագործող ընկերությունը իր գործունեության հետ խնդիրը չի կապում, այլ նշում է, որ առվակը սկիզբ է առնում ընկերության տարածքից դուրս և որևէ առնչություն չունի ընկերության գործունեության հետ: Առվակով հոսող ջրերը արտահոսում են պղնձի հանքավայրի կենտրոնական հանքի հին տրանսպորտային հանքուղուց, որի նկատմամբ <<Կապանի ԼՀԿ>> ՓԲԸ-ն որևէ իրավունք և/կամ պարտավորություն չունի:
ՀԱՐՑՈՒՄՊԱՏԱՍԽԱՆ
Բնապահպանության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ առվակը սկիզբ է առնում Կապանի ԼՀԿ-ի կողմից նախկինում շահագործվող Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքից, Կավարտ թաղամասի Բաց հանքից: Հանքաջրերը Կենտրոնական հանքավայրի հին տրանսպորտային հանքուղով և Կապանի ԼՀԿ-ի գործող արտադրական տարածքից դուրս գալով հոսում են դեռևս խորհրդային ժամանակահատվածի 60-ական թվականերին կառուցված մոտ 300 մետր բաց ջրանցքով, որն էլ անցնում է մարդկանց բնակելի տների մերձակայքով: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հանքաջրերի և արտադրական կեղտաջրերի հեռացման համար: Իսկ այս ամենի պատասխանատուների մասին մենք տեղեկություններ ստացանք արդեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Նախարարությունից տեղեկացրեցին, որ Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքը, Կավարտ թաղամասի Բաց հանքը, որտեղից հոսում է առվակը, կոնսերվացված է ՀՀ կառավարության «Լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման մասին» 2005 թվականի մարտի 31-ի թիվ 485-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան և նախարարի 2009թ. մարտի 27-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրվել է Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասից հրաժարման հավաստագիր վերջինիս դիմումի հիման վրա: Ստացվում է, որ այս առվակի պատասխանատուն փաստացի համարվում է ՀՀ-ը, իսկ հանքարդյունաբերողները որևէ պատասխանատվություն չունեն:
Չնայած դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ պայմաններով ու հանգամանքներով է Կապանի ԼՀԿ-ն կենտրոնական հանքավայրի շահագործումից ու դրա ռեկուլտիվացիոն աշխատանքների պատասխանատվություններից զերծ մնացել 2005 թվականին, սակայն մինչև օրս իր գործարանի տարածքից նույնպես այս ջրատարով ջրեր է բաց թողնում, որոնք միախառնվում են Կավարտի լքված հանքավայրից եկող ջրերին և իրենց անխոնջ ընթացքը շարունակելով՝ լցվում են Ողջի գետը:
Վերոնշյալի մասին ավելի մանրամասն ներկայացված է այստեղ:
Ինչպես նաև ինտերակտիվ քարտեզում կարող եք ծանոթանալ ջրերի հոսքերին: Յուրաքանչյուր գծի կամ նշանի վրա սեղմելով, կարող եք տեսնել տեղեկություններ և նկարներ համապատասխան վայրի մասին:
Այս խնդիրն առայժմ հանգուցալուծվել է Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանի, Կապանի ԼՀԿ տնօրեն՝ Դավիթ Թովմասյանի, "ԳԵՎԼԵՌ" ՍՊԸ տնօրենի և Սպանդարյան 4 նրբանցքիի բնակիչների միջև կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ:
Պայմանավորվեցին, որ մինչև 2019 թվականի ամռան վերջ մարդկանց տների մոտով անցնող բաց ջրատարով այլևս ոչինչ չի հոսի: Կավարտի լքված հանքավայրից եկող մետաղներով հարուստ ջրերը կկորզվեն "ԳԵՎԼԵՌ" ՍՊԸ-ի կողմից, իսկ Կապանի ԼՀԿ-ի տարածքից խառնվող ջրերը կտեղափոխվեն Նորաշենիկի ձորի Թեջադինի հանքավայրի պարզարան:
Կապան համայնքի ղեկավարի մտավախությունները թե այս ջրերի վերացման դեպքում հնարավոր է Սպանդարյան 4-րդ նրբանցքի տարացքում ի հայտ գան կոյուղաջրերի գարշահոտեր ևս լուծելի դարձավ, երբ Կապանի ԼՀԿ տնօրենը բարյացակամությամբ պատրաստակամություն հայտնեց նախագծել ջրերի տեղափոխման այնպիսի պրոյեկտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ջրերի մի որոշակի հոսք տրամադրել համայնքին այդ խնդրի լուծման համար: Հանդիպման մանրամասները կարող եք դիտել այստեղ: Չնայած բնակիչներն ասացին, որ նմանատիպ խոստումներ բազմիցս են լսել, բայց հավելեցին նաև, որ խնդիրը դեռևս այս մակարդակի չէր բարձրացվել և նրանք նմանատիպ ուշադրության չէին արժանացել: Բնակիչները լիահույս սպասում են այս հարցի իրական և վերջնական լուծմանը: